ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․
«Ո՞վ է վերջապես հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը և կարո՞ղ են արդյոք աղքատացող երկրի մոլախաղի մասնակիցները 2.5 մլրդ դոլարի խաղադրույքներ կատարել։
Հարցի վերաբերյալ կան մի քանի հանգույցներ։
Հանգույց համար 1
1. ՔՊ վարչախմբի մի երիտասարդ բացառիկ ազգանվեր նախաձեռնություն է հանդես բերում և ԱԺ հանձնաժողովներում, բուլդոզերի ուժ հիշեցնող հանձնառությամբ, սկսում է ակտիվ պայքար, որն ավարտվում է երկու արդյունքով․
Ա. Հայաստանում չգրանցված եվ չլիցենզավորված խաղային բիզնեսի արտասահմանյան օնլայն տնտեսվարողներին որոշում են խլացնել և փակել նրանց մուտքը Հայաստանի տարածք։
Բ. Հայաստանում գրանցված, լիցենզավորված խաղային չորս տնտեսվարողների հարկը որոշում են կամաց-կամաց բարձրացնել։
Առաջին հանգույցում բեմականությունը հստակ ավարտվում է և, ընդամենը մեկ սխալ է շպրտում դեպի հանրային դաշտ։Դա մեկ կեղծ շահումի վերաբերյալ քպ պատգամավորի պնդումն էր, որն իր մեջ պարունակում էր ողջամիտ կասկածներ, թե ինչպես է բանկային գաղտնիքի առկայությամբ երկրում ինչ-որ մեկն իմացել կեղծ շահում ստացած քաղաքացու բանկային և վարկային շարժը։
Հանգույց համար 2
2. ՔՊ առաջնորդը մեծագույն պաթոսով ԱԺ նիստի ընթացքում հայտարարում է, որ ինքը շատ բարձր է գնահատում երիտասարդ պատգամավորի ջանքերը և խոստովանում, որ ինքը տրամադրված է շատ ռադիկալ և առաջին իսկ քննարկման ժամանակ որոշել է «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելու» սկզբունքով արմատախիլ անել խաղային ինդուստրիան, որովհետև դա հանրային անվտանգությունը խաթարող չարիք է։ Ժողովրդի դարդով տապակվող քպ առաջնորդի խոսքը ավարտվում է հետևյալ երեք արդյունքով։
Ա. Խոստովանում է որ իր ռադիկալ քայլը չեղարկվել է, որովհետև ինչ-որ քննարկումների արդյունքում ինքը հասկացել է ,որ իր պատկերացրածը ճիշտ քայլ չէ։Այսինքն ինչ-որ քննարկման մասնակիցները համոզել են նրան՝ չգնալ ռադիկալ քայլերի իբրև։ Հետաքրքիր է՝ ովքե՞ր են եղել այդ համոզողները։
Բ.Հայտարարում է ինչ-որ նորահայտ «օպերատոր» ստեղծելու մասին, որը պետք է համակարգի խաղային ինդուստրիայի տեղական չորս կազմակերպությունների գործունեությունը։ Փաստացի տեղական չորս կազմակերպությունների կողքին հայտնվում է ևս մեկը , որի անունը կլինի «Օպերատոր»։
Գ. Խոստանում է՝ ամենադաժան կերպով պատժել «Օպերատոր» կոչվածի դեմ լոբբինգ անողներին, այդպես էլ չմանրամասնելով , թե ո՞վ կարող է պետական կարգավորման դեմ հանդես գալ և հակառակ լոբբինգ իրականացնել պետական համակարգում։
Ձեռքի հետ էլ խոստանում է՝ անընդհատ բարձրացնել ներքին չորս խաղային գործունեություն ծավալողների հարկերը։
Իհարկե զվարճալի այս հրատապ քննության նկատմամբ շատերը տարակուսանք ունեն , թե ովքե՞ր են այս միջոցառման հիմնական շահառուները և ո՞ւմ դեմ է դա ուղղված,և վերջապես «ռադիկալ» տրամադրվածն ինչո՞ւ ռադիկալ չի դառնում:
Սկսենք արդյունքներից
1. Խաղադրույքների ընդունման ներքին շուկան մենաշնորհվում է և դրսի օնլայն կազմակերպությունները հեռացվում են։
2.Ստեղծվում է «Օպերատոր» կոչված մի ֆիլտր, որի օգնությամբ իշխանությունները համակարգային մոնիտորինգի գործիք են ձեռք բերում։ Իսկ ո՞վ է մոնիտորինգ անելու «Օպերատոր»-ին ,հայտնի չէ և չի լինելու )))։
3. հանրային անվտանգությունը վտանգի տակ դրած խաղային ինդուստրիան ոնց կար , նույն կերպ շարունակելու է իր գործունեությունը արդեն առանց ռադիկալ քայլերի սպառնալիքների։
Որպես վերջաբան։
Արդյոք կարելի է պատկերացնել մի վիճակ, երբ Կոլումբիայի քաղաքացին հայկական օնլայն կազինոյում շահում է մեկ հազար դրամ և դա այն գումարն է, որը պարտվել է նույն կազինոյում նույն օրը որևէ արատավոր քաղաքացի:
Այս ամենը ունի միայն մեկ լուծում՝ Հայաստանում խաղային ինդուստրիան պետք է արմատախիլ արվի և վերջնական դադարի գործել»։
--00—ՍՊ