ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային թատրոնի «Ռոտոնդա» սրահում տեղի է ունեցել «Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» և «Ստրունգա՝ հայ որբերի նոր տունը» խորագրերով ցուցադրությունների բացման արարողությունը։ Միջոցառումը կազմակերպել էր Ռումինիայի հայոց միության Հայ մշակույթի կենտրոնը՝ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ եկեղեցու առաջնորդարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Բուխարեստի ազգային թատրոնի հետ համագործակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին ցուցադրությունը հայ կանանց խիզախության և տառապանքի մասին է՝ Հայոց ցեղասպանության ընթացքում։ Լուսանկարների, պատմությունների և վկայությունների միջոցով բացահայտվում են այն կանանց դեմքերն ու ճակատագրերը, որոնք պայքարել են գոյատևելու համար։
Երկրորդ ցուցադրությունը պատմում է Ռումինիայի Ստրունգա գյուղի հայկական որբանոցի մասին, որը հիմնադրվել էր 1923 թվականին ռումինահայ համայնքի նախաձեռնությամբ և ռումինական կառավարության աջակցությամբ։ Ցեղասպանությունից փրկված 200 երեխա ապաստան էր գտել այդ հյուրընկալ անկյունում և կյանքը շարունակելու նոր հնարավորություն ստացել։
Ցուցադրությունների բացմանը Ազգային թատրոնի ներկայացուցիչ Ադրիանա Պոպեսկուն ողջունել է ներկաներին՝ կարևորելով նմանատիպ ցուցադրությունների կազմակերպումը ռումին հանրության համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ուսումնասիրել հայ ժողովրդի վերապրած ողբերգության ոչ այնքան հայտնի դրվագները։
Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանն ընդգծել է, որ Ցեղասպանությունը վերապրածների մի մասը սփռվել է աշխարհով մեկ, այդ թվում՝ Ռումինիայում, իսկ մի զգալի մասը հաստատվել է Հայաստանում։ Արդյունքում՝ գրեթե յուրաքանչյուր հայի ընտանիքում կան վերապրածների պատմություններ։ Նա հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին տարիներ առաջ սրբադասեց Ցեղասպանության անմեղ զոհերին, ինչն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում։
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը նշել է, որ 1915 թվականը մեր պատմության ամենատխուր էջն է, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր հայրենիքը և բնակչության մոտ երեք քառորդ մասը, գրեթե 6500 հոգևորական՝ սպանվեց, 60 առաջնորդարան քանդվեց, և միայն շուրջ 350 հազար հայ կարողացավ մազապուրծ լինել և անապատից հասնել այլ երկրներ, որի արդյունքում այսօր ավելի քան 160 երկրներում հայկական համայնք և եկեղեցի կա։
Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն էլ ընդգծել է, որ հայերն, ապաստան գտնելով աշխարհի բոլոր ծայրերում, կարծես «զգում են» իրար և հաճախ միայն հայացքը բավական է հասկանալու, որ դիմացինը հայ է։ Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» վեպից կարդացել է տարբեր երկրների հյուպատոսների վկայությունները հայ կանանց կոտորածների մասին։
Ցուցադրությունները մեկ ամիս շարունակ բաց կլինեն հանրության համար։
--00--ԱՀ