ՀՀ-Իրան զարգացող գործընկերություն․ ՆԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

,

Ապրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, որ ձեռնարկվել և ձեռնարկվում են գործնական քայլեր նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։

Նախարարն անդրադարձել է համագործակցության ընդլայնման մի շարք թիրախային ուղղությունների՝ առանձնացնելով հատկապես կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարը։

Այս համատեքստում Արփինե Սարգսյանը մատնանշել է ապօրինի թմրաշրջանառության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում իրավապահ կառույցների փոխլրացնող գործողությունները, ինչը բխում է երկու բարեկամ երկրների բնակչության առողջության պահպանման շահերից։

Մեհդի Սոբհանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ։

Դեսպանը մատնանշել է հանցավորության արդի մարտահրավերներին, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառությանը համատեղ հակազդելու առաջնահերթությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցառումների իրականացմանը նաև Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններ այցերի կազմակերպման միջոցով։

Հայաստանի և Իրանի ոստիկանական համակարգերի ամենօրյա սերտ համագործակցությանն անդրադարձ է կատարել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև աղետների ռիսկի կառավարման և միգրացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման ու ամենօրյա տարաբնույթ աշխատանքներին վերաբերող հարցեր։

--00—ԱՀ