Հերդ կանիծեմ, արա՛․ դուրս չե՛ս գալիս․ Արարատի մարզպետը՝ լրագրողին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

«Պատճառը դու էիր»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն, անդրադառնալով հրաժարականի դիմումի պատճառին։

Դիտարկմանը, թե պարբերաբար քննարկվում է Տիգրանաշենը, և հարցին՝ եթե այն դառնա բանակցության առարկա, Թևոնյանն ի՞նչ է անելու, հատկապես, երբ այնտեղ նաև առանձնատուն ունի, Արարատի մարզպետն արձագանքեց.  «Բա որ դու էդքան բանը գիտես, ինչու՞ ես այդպիսի հարց տալիս ինձ: Դա չի կարող լինել, նման հարց չկա և չի էլ կարող լինել»,-ասաց նա՝ հերքելով, թե Տիգրանաշենը դատարկվում է:

«Վերջերս Վայքից մի մարդ եկել էր տուն առնելու, Երևանի գների նման գին ասացին: Տիգրանաշենում բոլոր մարդիկ ապրում են, այնտեղ ապրելու բոլոր պայմանները կան, ու ապրելու են: Իմ առանձնատունը սարքելն ինձ վրա «նստել է» 200 հազար դոլար, 1997-ին եմ սարքել»,-ասաց նա:

Հարցը, թե հիմա վաճառելու դեպքում որքան կարժենա իր տունը, Թևոնյանը որակեց անտակտ: Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է Թևոնյանն անհարգալից խոսում, Արարատի մարզպետը պատասխանեց. «Որովհետև դուրս չես գալիս, արա՛»:

--0--ԿԿ