ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանը տեղեկատվական կեղծ հոսքերով նախապատրաստում է հաջորդ սադրանքը: Սա սահմանային վիճակի ապակայունացման ցուցիչ է:
Իսկ ինչ է կատարվում Հայաստանում:
Քաղաքական դաշտի մի հատվածը թռչկոտում է Ուկրաինայում ռուսական ռազմական անհաջողություններից, մի հատվածը հայհոյում է Արևմուտքին` առանց գիտակցելու մեզ ուղղակիորեն չվերաբերող պատերազմում կողմերին «սևացնելու» կամ «հերոսացնելու» պրոպագանդայի հետևանքները:
Ազգային ժողովի նստաշրջանը բացվում է միայն մեծամասնության պառլամենտում իրենց միակուսակցական իշխանությամբ հպարտ պատգամավորներով:
Խորհրդարանական ընդդիմությունը առանձին հանրային քննարկում է անցկացնում կրկնվող անիմաստ ու անօգուտ տեքստերով` սպասելով, թե երբ պիտի վիճակը սրվի, կորուստներ ունենանք, որ իշխանությունը վերցնելու հաջորդ փորձը անեն:
Իսկ քաղաքականությունից և քաղաքական գործիչներից հիասթափված հանրությունը դանդաղ ընկղմվում է նիրհի մեջ:
Ոչ մի գրամ ադեկվատություն և պատասխանատվություն չկա ո´չ խորհրդարանում, ո´չ խորհրդարանից դուրս: Նոր պատերազմի մեջ հայտնվելու դեպքում չկա որևէ պետական մարմին, որը կարող է կատարել մարդկանց ոգեպնդելու իր առաքելությունը: Համատարած անվստահություն է` հատկապես պառակտված ու սպառված պառլամենտի նկատմամբ:
Խաղաղություն մեր սահմաններին»:
--00—ԼՄ