ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
ՀՀ իշխանությունն ամեն բան անում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, դեռևս քննարկման փուլում է գործընթացը: Մենք Ադրբեջանից տարածքային պահանջ չենք ունեցել, որևէ մեկը չի կարող չնկատել արցախահայության իրավունքները և անվտանգությունը: Դեռևս փաստաթուղթ չկա, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում, ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ի ու Արցախի շահը ներկայացվի: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Անդրադառնալով Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ պատգամավորը նշեց, որ քաղաքական պրոցեսներ են ընթանում, Արցախն ունի իշխանություն, և նախագահը իրավիճակին տիրապետում է: Դիտարկմանը, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունները սատարում են Սամվել Բաբայանին, պատգամավորը նշեց, որ նման բան չկա, ՀՀ իշխանությունն Արցախի իշխանություններին չի ուղղորդում, Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան:
Խոսելով մոտ երեք տոննա կոկաինի՝ ՀՀ բերվելու խնդրի մասին՝ պատգամավորը նշեց, որ խոսքը ահռելի քանակի կոկաինի մասին է, դա խայտառակություն է, մտահոգիչ է, որ մեր երկիրը առնչվում է այդ թեմաներին, բայց պետք է լուծումներ գտնենք, անենք ամեն ինչ, որ նման դեպքեր չլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ