ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ավտոբուսներ են շարժվում դեպի Հակարիի կամուրջ։ Ավտոբուսների վրա գրված է՝ «Խաղաղ երթ՝ դեպի Հակարի»:
24News-ը կապ հաստատեց Արցախի ԱԺ-ի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ՝ փորձելու հասկանալ` որքանով են տարածվող տեղեկությունները համապատասխանում իրականությանը, ինչին ի պատասխան՝ Հակոբյանը նշեց. «Խոսակցություններ կային, որ նման բան են ուզում կազմակերպել, իհարկե, մենք կոչ ենք արել կառավարությանը խստագույնս հետևել, քանի որ դա իրականացվում է հանրության և մեր կողմից անընկալելի մարդկանց կողմից և դրանք այն մարդիկ են, որոնք կողմ են իտեգրացիային, ինչը, միանաշնակ, մեր կողմից անընդունելի է»:
Ըստ Հակոբյանի՝ այդ ամենն իրականացվում է ՀՀ իշխանությունների հրահանգով , բայց և վստահաբար պնդեց, որ չունեն Արցախի իշխանությունների համաձայնությունը. «Դրա ետևում կանգնած է Արթուր Օսիպյանը, որը ասում է` «Ալիևը հայտարարում է, որ իմ ժողովուրդն է այնտեղ ապրում, մենք էլ գնում ենք, թող իր ժողովրդի հետ խոսի»: Սա աբսուրդի հասնող քայլ է, որի հետևանքները նա վստահաբար չի պատկերացնում: Չնայած ես վստահ եմ, որ նա չի հավաքելու այն մարդկանց խումբը, ովքեր կողմ են իտեգրացիային: Սա աներկբա արվում է Հայաստանի իշխանությունների կողմից` դրսի լսարանի համար, որ իբր թե ցույց տան՝ Արցախի ժողովուրդը կողմ է ինտեգրացիային: Եվ սա նաև սադրանք է ռուս խաղաղապահների դեմ»,- հավելեց պատգամավորը:
Հարցին` ինչո՞վ է վստահ, որ արցախյան իշխանությունները կապ չունեն, պատգամավորը նշեց. «Ձեր զանգից հետո, կապ եմ հաստատել Արցախի պետնախարարի հետ և անձամբ իրենից վստահեցվել, որ որևէ կերպ նրանք խառնված չեն այս շոուին: Նաև հարցրել եմ` այդ դեպքում ինչպե՞ս են ավտոբուսները տրամադրվել, որին պետնախարարը պատասխանեց, որ ավտոբուսը մասնավոր ընկերության է պատկանում և իշխանությունը դրան թույլտվություն չի տալիս: Երևի թե սին հույսերով խաբել են սեփականատիրոջն ու վարորդներին, նրանք էլ հավատացել են»:
Մետաքսե Հակոբյանը նաև նշեց, որ իշխանություններին անձամբ դիմել է և նշել, որ ավտոբուսների սեփականատերը և այս շոուի կազմակերպիչը պատասխանատվության ենթարկվեն, քանի որ նրանք խախտել են ռազմական դրությունը, հակապետական քայլեր են անում ու փորձ է արվում էլ ավելի սրել վիճակն Արցախում:
Մերի Մանուկյան
--00—ԱՊ