ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի հայագիտության բաժինը նոր ղեկավար ունի․ բաժինն այսուհետ կղեկավարի բելգիացի երիտասարդ հայագետ Էմանուել վան Էլվերդինգենը։ Հայտնի պրոֆեսոր, տասնամյակներ շարունակ Լյուվենի կաթոլիկ համալսարանի հայագիտության բաժնի ղեկավարի պաշտոնում Հայաստանի ու հայերենի հանդեպ սեր փոխանցած հայագետ Բեռնար Քուլիի նախկին ուսանողն այսօր փորձում է նույն ոգևորությունը փոխանցել հաջորդ սերունդներին։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում երիտասարդ հայագետն անդրադարձել է հայերենն ընտրելու պատճառներին, հայոց լեզվի ու գրականության առանձնահատկություններին, գրաբարի կարևորությանն ու այն նախագծերին, որոնք ցանկանում է ի պաշտոնե կյանքի կոչել։
-Պրոֆեսոր Բեռնար Քուլիից հետո Դուք Լյուվենի կաթոլիկ համալսարանի հայագիտության պատասխանատուն եք։ Ինչպե՞ս է Ձեր ճանապարհը հատվել հայագիտության հետ։ Որտեղի՞ց է այս կիրքը Հայաստանի և հայերենի հանդեպ:
-Այս կիրքն իսկապես ծնվել է պատահականորեն և մեծ մասամբ Բեռնար Քուլիի շնորհիվ։ Սկզբում ինձ հետաքրքրում էին բոլոր հին լեզուները։ Որոշ միջնակարգ դպրոցներում դեռ դասավանդվում են լատիներեն և հին հունարեն, իմ դպրոցը դրանցից մեկն էր, և ես հետևեցի այդ տարբերակին: Համալսարան հաճախեցի այս հնագույն լեզուների մասին ավելին իմանալու, ինչպես նաև ուրիշ՝ չիմացածս լեզուներ սովորելու ցանկությամբ: Լյուվենի կաթոլիկ համալսարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն առաջարկում է արևելյան լեզուների շատ լայն ընտրություն։ Մի քանիսը ընտրեցի, այդ թվում՝ հայերեն և վրացերեն։
Այդպիսով, ինձ դասավանդեց նաև Բեռնարդ Քուլին, ով իրականում տարիների ընթացքում ինձ փոխանցեց իր կիրքը: Դրանք միշտ փոքր խմբակային պարապմունքներ էին՝ շատ արդյունավետ դինամիկայով։ Այդպես սովորեցի հին հայերենը՝ նախ լեզվի համար, իսկ հետո լեզվի միջոցով բացահայտեցի Հայաստանի պատմությունն ու մշակույթն իր ողջ հարստությամբ:
--00—ԱՊ