Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելու. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

24

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ Գյումրիում մարտին կայանալիք ընտրություններին ՔՊ-ն հաղթելու է: 

ArmLur.am-ը հայտնել էր, որ հինգշաբթի օրը ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն մեկնելուց ժամեր առաջ հավաքվել եւ քննարկել են Գյումրիում կայանալիք ընտրությունները:
ՔՊ նիստի «գլխավոր դերակատարներից» մեկը համայնքապետի ժ/պ Սարիկ Մինասյանն է եղել, որը վստահեցրել է՝ իրենից հասանելիք ամեն ինչ անում է, հանդիպում է քաղաքացիների հետ, շահում նրանց վստահությունը, որ ընտրվի: 

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամները, անգամ Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանն է եկել Երեւան՝ ՔՊ նիստին մասնակցելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների մի մասը անհանգստություն է հայտնել, որ իսկապես թեժ մրցակցություն է սպասվում, քանի որ մյուս թեկնածուները՝ Ռուբեն Մխիթարյան, Վարդան Ղուկասյան, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան նույնպես մեծ հեղինակություն ունեն Գյումրիում: 

Չնայած այս անհանգստություններին՝ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին, թե խոչընդոտներ կլինեն, բայց ամեն ինչ լավ կլինի:
Ուղղակի հրահանգել է մինչեւ ընտրություններ լծվել ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործին:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

 --00—ԱՊ