Հրամայական է Հայոց ցեղասպանության ճանաչումը․ Մայր Աթոռը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

դդ

 

Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել Մայր աթոռը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքին, թե պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը, և ինչպես է 1950 թվականից այն հայտնվել մեր օրակարգում։

«Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցին պետական հատուկ որոշմամբ և հոգածությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, ինչպես նաև աշխարհի տարբեր կողմերում վեր խոյացած հուշակոթողները Եղեռնի դատապարտման հարցում ազգային, պետական և եկեղեցական միահամուռ կամքի և վճականության համընդհանուր դրսևորում են։ Նվիրական այս օրը հուշակոթողների առջև ամենուր իր աղոթքն ու խոնարհումն է բերում մեր ժողովուրդը։

Իսկ 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության ընթացքում «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նահատակված հայորդիների սրբադասման արարողությունը, որն ինքնին խոսուն վկայություն է Հայոց Եկեղեցու դիրքորոշման։ Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ։ Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները»,-ասվում է հրապարակման մեջ։
 



 

--00—ՍՊ