ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին հեռացրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից։ Essentially Sports հրատարակության տվյալներով՝ վերջինս նախ վիճել է բորտուղեկցորդուհիներից մեկի հետ, իսկ հետո ընկերների հետ լքել ինքնաթիռը։
Ականատեսների խոսքով՝ Հաբիբը զբաղեցրել է վթարային ելքի համար նախատեսված տեղը, որտեղ, ըստ կանոնների, պետք է օգնություն ցուցաբերվի անձնակազմին արտակարգ իրավիճակների դեպքում։
Բորտուղեկցորդուհին խնդրել է մարզիկին հաստատել, որ հասկանում է իր պարտականությունները, սակայն, դատելով ականատեսների հրապարակած տեսանյութից, Նուրմագոմեդովը անհասկանալի պատասխան է տվել, ինչից հետո նրան և իր ընկերներին դուրս են հրավիրել ինքնաթիռից։
--00—ՅՄ