Էրզրումում թուրքերը առևանգում էին քաղաքի երևելի հայերի աղջիկներին․ հուշեր՝ Զաբել Եսայանի նամակներից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ss
Այսօր Զաբել Եսայանի ծննդյան օրն է:
 
1915 թ. ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականների գաղտնի ցուցակում էր նաև Զաբել Եսայանը: Խուսափելով աքսորից՝ նա մի քանի ամիս ծպտյալ կյանք է վարում, որից հետո մեկնում է Բուլղարիա, Ռումինիա, և ի վերջո 1915 թ. վերջին՝ գալիս Կովկաս։ Բաքվում ու Թիֆլիսում, Զաբել Եսայանը մի շարք հանդիպումներ է ունենում, մասնակցում տարբեր կարևոր ձեռնարկների, կարդում դասախոսություններ։ 

Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով Եսայանը մեկնում է Պետրոգրադ և Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի ու գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը և ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը։ 1926 թ. այցելում է Մոսկվա, նոյեբերին՝ Խորհրդային Հայաստան, լինում Լեռնային Ղարաբաղում ու գրում այդ ճամփորդությունների հուշերը («Պրոմեթէոս ազատագրուած»):
 
Դեռ Հայոց ցեղասպանության տարիներին ձեռնարկվում է «Վշտապատում» վկայությունների հավաքածուի հավաքագրումը: Այն ներկայացնում էր Թուրքիայում հայերի ունեցած զոհերի քանակը, նյութական կորուստների ծավալը, մշակութային վնասի չափը, ուրվագծում հայերի կրած սարսափների ու տանջանքների իրական պատկերը: Զաբել Եսայանը Վշտապատում հավաքածուի մի մասը Բաքվից իր հետ արտասահման է տանում՝ հայերի կորուստներն ու կրած սարսափները հանրայնացնելու նպատակով:
 
«Այս միջոցին ես կը գտնուիմ հանքային ջուրերը, ուր մինչեւ օգոստոս 15 պիտի մնամ քիչ մը կազդուրուելու եւ խնամելու համար երիկամունքի հիւանդութիւնս, որ ամբողջ տարին զիս անհանգիստ ըրաւ: Անմիջապէս հետո պիտի վերադառնամ Պաքու եւ պիտի զբաղիմ դասաւորելու այն բոլոր վկայութիւնները եւ վաւերական տեղեկութիւնները, զորս հաւաքած է «Վշտապատում» յանձնախումբը»:
 
Նամակ Արշակ Չոպանյանին, Պյատիգորսկ, 1917 թ. հուլիսի 9
1919 թ. Զաբել Եսայանը Հայ ազգային խորհուրդի կողմից նշանակվում է հայ երեխաների և կանանց հարցերով հանձնակատար: Նրա զեկույցներից մեկում նկարագրված ենք գտնում, թե ինչ սարսափների միջով էին անցնում հայ կանայք.
 
1. Կիներու մէկ մասին կ’առեւանգէին իրենց քաղաքներէն եւ գիւղերէն: Էրզրումի մէջ թուրք սպաները կ’առեւանգէին քաղաքի երեւելի հայերու աղջիկները, իսկ Երզնկայի մէջ՝ հարուստ ընտանիքներու աղջիկներուն:
2. Հայ կիներն ու երեխաները կ’առեւանգուէին յատկապէս հայ տղամարդիկը սպանելէ ետք: Ոստիկանները, որոնք կուղեկցէին կիներու խումբերուն, տաժանագին ճանապարհորդութենէ ետք խումբը կը բերէին աղբիւրի մը մօտ, սակայն մօտենալ եւ ջուր խմել կ’արգելէին: Ջուր խմելու գինը՝ թուրք զինուորներուն յանձնուիլն ու կիրքերուն գոհացում տալն էր:
3. Երբ այդ կիները կը հասնէին հաւաքավայր, անոնց վրայ կը յարձակէին քիւրտերը, չերքէզներն ու չեչէնները:
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
 

--00—ՍՊ