ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ, կողմերն ըմբռնում են դրա կարևորությունը․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

հ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը: Նման կարծիք հայտնեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Կոպիրկինը նշում է, որ կա ընդհանուր տրամադրվածություն՝ թույլ չտալու, որ առկա խնդրահարույց պահերն անդառնալի վնաս հասցնեն հայ-ռուսական համագործակցությանը։ Թեև երբեմն տեղեկատվական ֆոնն էլ բարդ է՝ լրացուցիչ լարվածություն առաջացնող տարբեր փորձեր են արվում, այդ թվում՝ դրսից, բայց հարաբերությունները զարգացնելու ու նոր իրողություններին հարմարվելու տրամադրվածություն ևս կա։
 
«Ճգնաժամը միշտ և՛ խնդիր է, և՛, միևնույն ժամանակ` հնարավորություն։ Այն, հավանաբար, մեր հարաբերությունները հասունության նոր մակարդակի բերելու առումով նոր հնարավորություններ է ստեղծում, որն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները և խնդիրները», - նշեց դիվանագետը։ Կոպիրկինն այս համոզմանը հանգել է նաև հիմնվելով այն հանդիպումների վրա, որոնք բարձր մակարդակով տեղի էին ունենում ղեկավարների և արտգործնախարարների միջև։

Իհարկե, Ռուսաստանը չի կարող մտահոգություն չհայտնել արտաքին ուժերի կողմից լրացուցիչ լարվածություն առաջացնելու փորձերի վերաբերյալ։ Եվ այդ ուժերն իրականում չեն էլ թաքցնում սեփական աշխարհաքաղաքական մղումները, այն է՝ երկկողմ կապերի, համագործակցության խզումը։ Կոպիրկինը ընդգծեց, որ ամերիկյան նախկին վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս խոսել են այդ մասին։ 

Դիվանագետի կարծիքով` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ուժեր փորձում են ներմուծել դրսից:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

 

--00—ՍՊ