ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Ինձ են դիմել բազմաթիվ ջավախահայեր, որոնք ՀՀ ժամանելիս բախվում են լրջագույն խնդրի: Ստորև ներկայացնում եմ խնդիրն առավել հանգամանալից:
«Ինձ են դիմել բազմաթիվ ջավախահայեր, որոնք ՀՀ ժամանելիս բախվում են լրջագույն խնդրի: Ստորև ներկայացնում եմ խնդիրն առավել հանգամանալից:
Գաղտնիք չէ, որ ջավախահայ մեր հայրենակիցները վերջին տարիներին, հիմնականում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով, Վրաստանի քաղաքացիության հետ մեկտեղ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել նաև ՀՀ քաղաքացիություն:
Այն ջավախահայերը, ովքեր ունեն նաև ՀՀ քաղաքացիություն և ՀՀ են մուտք գործում Վրաստանի քաղաքացիության անձնագրով և վրացական վարորդական իրավունքի վկայականով, ՀՀ տարածքում պարեկների կողմից զանգվածորեն տուգանվում են:
Ջավախահայերի՝ ՀՀ տարածքում տուգանվելու պատճառը կամ հիմքը ՀՀ-ում գործող կարգն է՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացին պարտավոր է օգտագործել հայկական վարորդական վկայական, որը, բնականաբար, չունեն ջավախահայ մեր հայրենակիցները շատ պարզ պատճառով՝ ապրում են Վրաստանում, ունեն Վրաստանի քաղաքացիություն և վրացական վարորդական իրավունքի վկայական:
Վերոնշյալը չափազանց անարդար մոտեցում է ջավախահայ մեր հայրենակիցների հանդեպ: Վերջիններս միանգամայն իրավունք ունեն ունենալու նաև ՀՀ քաղաքացիություն և չունենալու հայկական վարորդական իրավունքի վկայական, քանի որ չեն ապրում ՀՀ-ում և մեր հանրապետության սահմանը հատում են իբրև Վրաստանի քաղաքացի, վրացական անձնագրերով և վրացական վարորդականներով:
Ջավախահայերի մոտ ՀՀ քաղաքացիության հայտնաբերումը և դրա հենքի վրա տուգանումը ոչ միայն բարոյական, այլև իրավական առումով անթույլատրելի է:
Դիմում եմ ՀՀ Ներքին գործերի նախարարությանը և պետական պատկան մարմիններին՝ նշված հարցին շուտափույթ լուծում տալու, ջավախահայությանը ՀՀ տարածքում ապօրինի կերպով տուգանելու գործընթացը շուտափույթ դադարեցնելու պահանջով:
Նշված խնդիրը ներկայացրել եմ նաև գրավոր: Հարցը բարձրացնելու եմ նաև առաջիկա քառօրյային»։
--00—ՍՊ