ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Արդեն գրեթե երկու օր Վաշինգտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ իհարկե, արել է ընդամենը մեկ էական հայտարարություն:
«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր»:
Այս հայտարարությունը նա արել է Save Armenia նախաձեռնության կազմակերպած միջոցառման ընթացքում, որին մասնակցել են տարբեր կազմակերպությունների հայ եւ օտարերկրացի ներկայացուցիչներ:
Փաստացի, ի՞նչ է ստացվում: Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հայտարարում է, որ Կովկասում խաղաղությունը ԱՄՆ առաջնահերթություն չէ: Այլապես, նա ինչու՞ պետք է հայտարարի, որ դա ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում «ներառելը» կլիներ կարեւոր: Եթե՝ «ներառելը կլիներ շատ կարեւոր», ապա կնշանակի, որ այս պահին ներառված չէ:
Ես չեմ կարծում, թե Փաշինյանը բառերը, այսպես ասած բայերն ու ժամանակները օգտագործում է առանց դրանց հանդեպ ուշադրության:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա արձանագրում է, որ Կովկասում խաղաղության հարցը ԱՄՆ առաջնահերթություն չէ:
Մի փոքր գնանք հետ, մի քանի ամիս, 2024 թվականի ամառ, Երեւան. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը հայտարարում է, որ ԱՄՆ համար առաջնահերթություն է Միջին միջանցքի ստեղծումը՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծովի ավազան:
Փաշինյանի հայտարարությունը Վաշինգտոնում, նշանակու՞մ է ակնարկ, որ ԱՄՆ համար Միջին միջանցքը լինելով առաջնահերթություն, այդուհանդերձ առաջնահերթություն չէ դրա՝ միայն խաղաղ ճանապարհով լինելը:
Այդպես եղել է նաեւ մինչեւ՞ վարչակազմի փոփոխությունը, թե՞ Փաշինյանը կարծում է, որ այդպես է վարչակազմի փոփոխությունից հետո: Ինչպես նկատել եմ, Տրամպի թիմից կարծես թե առայժմ չի եղել որեւէ էական անդրադարձ Կովկասին: Առավելագույնը, Մարկո Ռուբիոն Հայաստանի եւ Ադբրբեջանի միջեւ գործընթացը քննարկել է Թուրքիայի հետ:
Փաստացի, գոնե առայժմ նա այդ հարցը չի քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Իհարկե, Ռուբիոն գերզբաղված է առավել կարեւոր հարցերով, բայց դա էլ հենց ցուցիչ է»:
--00—ՍՊ