ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Ռուսաստանը ութ երեխայի վերադարձրել է ուկրաինացի հարազատներին։ Մոսկվայում Կատարի դեսպանատան շենքում տեղի է ունեցել Ռուսաստանի երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Ղազարյանի հանդիպումը երեխաների և նրանց հարազատների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԲԿ-ի թղթակիցը։ Ռուսաստանի երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ 5-ից 15 տարեկան ութ երեխա կմեկնի Ուկրաինա՝ հարազատների մոտ։
«Երեխաների մեծ մասն ապրում էր տատիկների հետ, իսկ հիմա նրանք գնում են իրենց մայրերի մոտ, մեկ դեռահաս տղա տատիկի մոտից տեղափոխվում է հոր մոտ», - ասել է նա՝ հավելելով, որ ևս երկու երեխա՝ քույր և եղբայր, որոնք մոր մահից հետո ապրում էին մանկատանը, կտեղափոխվեն մորաքրոջ մոտ։ Նա շնորհակալություն է հայտնել Կատարին այս գործընթացին ակտիվ մասնակցության համար՝ ասելով, որ երկրի ներկայացուցիչները մասնակցում են ուկրաինական կողմի հետ բանակցություններին, ուղեկցում են երեխաներին՝ հոգալով տրանսպորտային և այլ ծախսեր։
«Ընդհանուր առմամբ, մենք արդեն 10 ընտանիքի 15 երեխայի օգնել ենք վերամիավորել Ռուսաստանում իրենց մերձավորների հետ և 75 ընտանիքի 95 երեխայի օգնել ենք վերամիավորվել Ուկրաինայում և այլ երկրներում ապրող իրենց մերձավորների հետ», - Մարիա Լվովա-Բելովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։