ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին:
Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:
Ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։
Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բառնահուս կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը։
Այս համատեքստում Արդարադատության նախարարությունը մշտապես ունեցել է UNICEF-ի աջակցությունը: Նախարարը կարևորել է Բարնահուս կենտրոնների պատշաճ գործունեության ապահովումը՝ մասնավորապես գործող 2 կենտրոնի արդյունավետ օգտագործումը քննչական մարմինների կողմից, ինչպես նաև այլ մարզերում կենտրոնների ստեղծումը:
Նա առաջարկել է շարունակել հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացերը:
Հիշեցնենք, որ տուժող և վկա երեխայի հարցաքննության կազմակերպման գործընթացում երեխայակենտրոն մոտեցումների և պայմանների ապահովման միջոցառումների կազմակերպման նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվել է «Բարնահուսի մոդելի կիրառման նպատակով մասնագետների՝ հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ընդհանուր 120 մասնագետ՝ քննիչ, դատախազ, որակավորված հոգեբան, սոցիալական աշխատող և այլ մասնագետներ:
Հանդիպմանն առաջարկ է հնչել աջակցել նախարարությանը քննչական գործողություններում ներգրավված հոգեբանների գործունեության, կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման հարցում:
Գործընկերների քննարկման առարկա է դարձել նաև քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահասների կրթության ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:
Հանդիպման ավարտին կարևորվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից արդարադատության ոլորտի նոր ծրագրերի աջակցությունը։
--00—ՅՄ