ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ամերիկյան իշխանությունների գնահատմամբ՝ առաջիկա օրերին Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շիա շարժման միջև մարտերը զգալիորեն կսրվեն, ինչը կարող է հանգեցնել նրանց միջև լայնածավալ պատերազմի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ամերիկյան Politico պարբերականը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ իրավիճակի վերջին վերլուծությունը վկայում է լարվածության նվազման հասնելու բարդ լինելու մասին: Ամերիկացիների անհանգստությունն աճել է հատկապես այն բանից հետո, երբ Իսրայելը պայթեցրել է «Հեզբոլլահ»-ի մի շարք անդամների փեյջերները, ռադիոհաղորդակցության միջոցները և Բեյրութի բնակելի շենքերից մեկը, որի հետևանքով, ինչպես նշվում է, սպանվել է նշված շարժման բարձրաստիճան հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Politico-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մասնավոր գնահատականները հակասում են Սպիտակ տան պաշտոնական հայտարարությանն առ այն, որ հետագա արյունահեղությունը դեռ հնարավոր է կանխել դիվանագիտական միջամտությամբ: Ավելի վաղ Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ խնդրի դիվանագիտական լուծումը դեռևս իրատեսական է: «Իսրայելի և Լիբանանի սահմանին պատերազմն անխուսափելի չէ: Կշարունակենք ամեն ինչ անել այն կանխելու համար»,- ընդգծել էր նա:
Նշվում է, որ Իսրայելը Վաշինգտոնին հայտնել է դիվանագիտական լուծման հասնելու մտադիրության մասին, որի համար, սակայն, անհրաժեշտ է ռազմական գործողությունների միջոցով ճնշում գործադրել «Հեզբոլլահ»-ի վրա։ Միաժամանակ, ամերիկացի պաշտոնյաները պարբերականին տեղեկացրել են, որ առաջիկա օրերին սպասվում է իրավիճակի վատթարացում, քանի որ «Հեզբոլլահ»-ն այս կամ այն կերպ հակահարված է հասցնելու Իսրայելին։
--00—ԼՀ