«Շիրակ»-ի հետ հանդիպմանը վիճահարույց դրվագի կապակցությամբ «Արարատ»-ը բողոքով կդիմի ՀՖՖ-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

FB_IMG_1743876611210-730x375

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

««Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ մտադիր է բողոքով դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե՝ ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ընթացքում արձանագրված վիճահարույց դրվագի կապակցությամբ:

Մասնավորապես, ակումբը մատնանշում է խաղի 29-րդ րոպեին տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում, ըստ ակումբի գնահատականի, «Արարատ»-ի օգտին պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված, սակայն մրցավարը նման որոշում չկայացրեց։

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ընդգծում է արդար մրցակցության և մրցավարական որոշումների թափանցիկության կարևորությունը՝ համոզված լինելով, որ նման դեպքերի մանրամասն վերլուծությունն ու պատշաճ գնահատականը կնպաստեն մրցավարության որակի բարելավմանը և առաջնության հանդեպ հանրության վստահության ամրապնդմանը։

Բացի այդ, ակումբը խնդրում է, որ պատկան մարմինները հետաքնեն հանդիպման հնարավոր պայմանավորված բնույթը և խաղի արդար ընթացքը խաթարող հնարավոր մրցավարական գործողությունները։

Ակումբը իր դիմում-բողոքին կցելու է համապատասխան տեսագրությունները և պաշտոնական հիմնավորումները՝ պահանջելով սահմանված կարգով սկսել պաշտոնական վարույթ և անցկացնել հարցի համակողմանի քննություն»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է Գյումրին ներկայացնող ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

--00—ՅՄ